Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԲԱ ՄԵՐ ՀՈՒՅՍՆ Ի՞ՆՉՆ Է

25.03.2011 | 00:00

Թե ինչպիսի պետություն է Ճապոնիան, պարզ էր մինչ աղետաբեր իրադարձությունները, սակայն ճապոնացի ազգի ֆենոմենը լրիվ ամբողջական դարձավ մարտի 11-ին սկիզբ առած արհավիրքներից հետո: Երկրաշարժ, ցունամի, ատոմային աղետի վտանգ, տասնյակ հազարավոր զոհեր ու անհետ կորածներ, անօթևան մարդիկ, կոտրված ճակատագրեր և, չնայած այս ամենին, պետություն ու ժողովուրդ, որ չկոտրվեցին, այլ հակառակը` կազմակերպված ու արժանապատիվ ձևով փորձում են դուրս գալ իրենց պատած արհավիրքից: Չարձանագրվեց թալանի ու կողոպուտի ոչ մի դեպք, չթանկացավ ոչ մի սննդամթերք, ատոմային ճառագայթումների հնարավոր վտանգի լուրն ի հայտ գալուն պես պետությունը սկսեց հանքային ջուր, կաթ, յոգուրտ (այն Ճապոնիայում վաղուց օգտագործվում է նաև ճառագայթային հիվանդության դեմ) և յոդով հարուստ մթերքներ բաժանել ժողովրդին: Ճապոնացի ազգ ու պետությունն ամբողջ աշխարհին, որը հեռուստացույցին և ինտերնետին գամված հետևում էր իրադարձությունների զարգացմանը, ցույց տվեց, թե ինչպես պետք է պայքարել բնական աղետի դեմ: ՈՒ այս կադրերը դիտելիս, անկախ քեզնից, համեմատականներ ես տանում քո ժողովրդի, քո երկրի, քո ապրած դժբախտությունների հետ ու աղոթում ես, որ հանկարծ նմանատիպ մի բան տեղի չունենա քո երկրում: Վախենում ես ոչ միայն աղետից, այլև նրանից, որ դու, ի տարբերություն ճապոնացու, պաշտպանված չես: Ավելին` վստահ ես, որ «պետություն ու ժողովուրդ» հասկացությունն իրեն կարող է չարդարացնել, ու ժողովուրդ ասվածը կվերածվի վայրի ցեղախմբի, իսկ «պետությունդ» էլ կփորձի օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: ՈՒ միակ ընդհանուր բանը, որ կստեղծվի մեր ու ճապոնացիների մեջ, կմնան … յոգուրտն ու կաթը: ՈՒ հենց այս դեպքերում ես հասկանում, թե ինչքան է մաշվել «Մենք հնագույն ժողովուրդ ենք» արտահայտությունը, որովհետև եթե ոչ այս պահերին, ապա ե՞րբ պետք է ժողովուրդը պահպանի ժողովուրդ կոչվելու իր իրավունքը:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ